• Մի եղի՛ր այնքան համեստ, որ նվաստացած զգաս ինքդ քեզ

Առաջին գիրքս թողարկելուց հետո ընկերներս սկսեցին ինձ հաճախ <Հեղինակ Քիմ> անվանել: Այդպես էինք ես ու ընկերներս կատակում, սակայն ինքս ինձ հեղինակ չէի համարում։ Նույնիսկ երբ բառարաններում <հեղինակ> բառի բացատրությունը մարդ է, որը պատմություններ ու իլուստրացիաներ է ստեղծում, միևնույն է՝ միշտ ամաչում ու անհարմար էի զգում, երբ այդպես էին կոչում ինձ։ 

Մի ճանապարհորդից ծիծաղելի պատմություն էի լսել։ Պատմում էր, որ Եվրոպայում մի բառմենի էր հանդիպել, որը ներկայացել էր որպես պոետ։ Ճանապահորդը հարցրել է նրան՝ գիրք ունի՞ տպագրած, ինչին բառմենը պատասխանել է․ <Ոչ՛, տպագրած գործեր չունեմ, բայց պոետ եմ, քանի որ բանաստեղծություններ եմ գրում>։ 

Ինչո՞ւ չէի կարողանում ինքս ինձ հեղինակ անվանել, նույնիսկ երբ մի շարք տպագրած գրքեր ունեի, մինչդեռ այդ մարդն իրեն պոետ էր անվանում առանց որևէ տպագրած բանաստեղծություն ունենալու։ 

Գուցե պատճառը մարդկային տեսակն է, կամ էլ գուցե նաև մշակույթների ահռելի տարբերությունները։ Այս տարբերությունների պատճառը կարող ենք գտնել կրթության մեջ։ 

Արևմուտքում, որտեղ անձի ինքնությանն ու անհատականությանն այդքան մեծ կարևորություն են տալիս, մարդիկ սովորում են ինքներն իրենց դիտարկել որպես արտասովոր մարդ։ 

Օրինակ Ռիչարդ Նիսբեթի <Մտքի աշխարահագրություն․ Ասիացիների ու արևմուտքի ժողովուրդների տարբերվող մտածելակերպը> գրքում, հեղինակը քննարկում է հետևյալ հարցը․ ո՞րն է կրթության հիմնական  նպատակը՝ <գիտելիք փոխանցե՞լ>, թե՞ <անձին ինքնավստահ դարձնել>։ 

Թեև կորեացիների համար կարող է անկարևոր թվալ, բայց երբ հարցը կրթության նպատակին է վերաբերում, մարդուն ինքնավստահ դարձնելը նույնքան կարևոր է, որքան գիտելիք փոխանցելը։ 

Մեր հասարակությունն ավելի շատ հարաբերություններն է կարևորում, ու արդյունքում ավելի առաջնային է դասում ներդաշնակ լինելը, քան մարդու անհատականությունը։  

Սա է պատճառը, որ հենց տարրական դպրոց ենք ընդունվում, առաջին առարկան, որն անցնում ենք  <Արժեքների գնահատումն> է, որի շրջանակներում սովորում ենք հարաբերություններ կառուցել։ 

Կարճ ասած մեզ ուղղակի սովորեցնում են հետևյալը՝ մի՛ վիճիր ընտանիքիդ, ընկերներիդ, հարևաններիդ ու ընդհանրապես ոչ ոքի հետ։ Ուղղակի հաշտվի՛ր ու համակերպվի՛ր ամեն բանի ու բոլորի հետ։ 

Մեզ սովորեցրել են լսել ու ավելի մեծ կարևորություն տալ ուրիշների մտքերին և զգացմունքներին, քան ինքներս մեզ գնահատել ու մեր զգացմունքները հարգել։ Սա նաև մեր ողջ մշակույթում է արտացոլված․ օրինակ կորեերեն 눈치 (նունչի) բառը չունի իր անգլերեն համարժեքը, մինչդեռ կորեերենում այն նշանակում է <էմոցիոնալ ինտելեկտ ունենալու կարողություն, որի միջոցով գուշակում ես՝ ինչ են մյուսները զգում, կամ մտածում>։ 

Արևմուտքի ժողովուրդները ևս կարծում են, որ կորեացիները համեստ են սեփական անձը նվաստացնելու չափ։ 

Այս երկարաժամկետ թրեյնինգի արդյունքում մենք շարունակ կասկածի տակ ենք դնում ինքներս մեզ։ Մենք գործի ենք դնում մեր ողջ <նունչի>-ն, որ մյուսների հետ լեզու գտնենք և երբեք ամբողջովին չճանաչենք ինքներս մեզ։ 

Իհարկե համեստ լինելն ու մյուսների զգացմունքները հաշվի առնելը կարևոր արժանիքներ են, բայց չենք կարող դրանք արժանիքներ համարել, եթե ուրիշների զգացմունքների մասին մտածելով  մոռանում ենք սեփական զգացմունքների մասին։

Եվ ուրեմն,  մի՛ մտածեք մյուսների մասին այնքան շատ, որ ամբողջովին սպառվեք, ու մի՛ եղեք այնքան համեստ, որ նվաստացած զգաք ինքներդ ձեզ։ 

Այն մեկն, ում միշտ պետք է հարգես ոչ այլ ոք է, քան հենց ինքդ դու։ 

Մեզ մի փոքր ինքնավստահություն ու <Աստված իմ, սա իմ կյանքն է> մտածելակերպ է պետք։  

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top