«Մի օր արթնացա ու հասկացա, որ ուզում եմ արևածաղիկներ գրկել »
Վինիլային պայուսակներից մինչև ձեռագործ բարձեր, կաշվե տետրերից մինչև թիթեռնիկներ, մինի գրքերից մինչև մատանիներ ու ավելին կարող եք գտնել այս հարցազրույցի հերոս Հռիփսիմեի Facebook–յան «Ձեռագործ Խաղաղություն -handmade peace» էջում: Ինչպես անունից կռահեցիք նա զբաղվում է ձեռագործ իրերի պատրաստմամբ ու վաճառքով: Հռիփսիմեն 21 տարեկան է ու ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այժմ աշխատում է բանկում: Երբ խնդրեցի իրեն նկարագրի երեք բառով, ասաց՝ խաղաղասեր, արևածաղիկասեր, փղասեր:
Հանդիպման օրը Հռիփսիմեին չնկատել չէր լինի, միանգամից երևում էր, որ արտասովոր մտածելակերպով տաղանդավոր մարդ է: Ծանոթանալուց հետո նստեց դիմացս ու միանգամից զգացի, որ հուզված է. առաջին անգամ էր հարցազրույց տալու: Փորձեցի նրան քաջալերել՝ «դուխ տալ », իսկ հետո առանց երկար բարակ ժամանակ կորցնելու անցանք հարց ու պատասխանին:
Ինչո՞ւ հենց Ձեռագործ խաղաղություն:
Կարծում եմ, տիեզերքի ամենակարևոր բանը խաղաղությունն է: Առանց խաղաղության ներդաշնակության չենք հասնի։ Առանց խաղաղության սեր չենք լինի։ Խաղաղությունը մեր կարիքն ունի‚ մարմնավորվելու կարիք ունի‚ որ ապրի: Ուզում եմ իմ աշխատանքներով ինչ-որ չափով խաղաղությունն ավելացնել:
Երբվանի՞ց եք սկսել զբաղվել Ձեռագործ խաղաղությամբ:
Երկրորդ կուրսից: Կտորեղենի խանութից դուրս չէի գալիս: Ու քանի, որ ուսանող էի ու գումարս էլ որոշակիորեն սահմանափակ էր, ստիպված էի լինում բազմաթիվ դուր եկած կտորներից միայն մեկն ընտրել: էջն էլ բացել եմ մարտի 7-ին:
Մենա՞կ եք պատրաստում իրերը:
Գլուխը համեստորեն թափահարում է: Մենակ եմ պատրաստում: Հայրս մեկ-մեկ օգնում է դժվար հարցերում: Դե, ասենք, վինիլները կիսելը նրա գործն է:
Ամենադժվար ստացված իրը ո՞րն է եղել:
Կաշվից մի նոթատետր էր: Կարելն ուղղակի անտանելի էր: 3-4 օր դրա վրա տանջվել եմ:
Ամենաերջանիկ պատվե՞րը:
Հնդկաստանից մի մարդու համար էր: Երկու կաշվե նոթատետր էր պատվիրել, մեկն իր, մյուսը՝ կնոջ համար: Տարօրինակն այն էր, որ մեկի վրա հայկական մագաղաթի նկար էր: Հարցրի, թե գիտի, որ դա հայերեն տառերն են, ասաց՝ իհարկե գիտի: Դրա համար էլ պատվիրել է: Փոստով ուղարկեցի նոթատետրերը:Խոստովանեցի նաև, որ Հնդկաստան գնալը երազանքս է, քանի որ ուզում եմ փղերի հետ ծանոթանալ: Հրավիրեց Հնդկաստան ու խոստացավ, որ հենց ինքը կծանոթացնի այդ կենդանիների հետ:
Կա՞ր մի իր, որն այնքան լավ է ստացվել, որ չեք ուզել վաճառել:
Կա իհարկե: Ուրախ կլինեմ, որ այդ աղջիկը կարդա էս հարցազրույցը: Արևածաղիկների նկարով թիթեռնիկ էր: Այդ ժամանակ ուղղակի խելագարվում էի արևածաղիկների համար: Չգիտեմ էլ, ոնց սկսեցի սիրել, ուղղակի մի օր արթնացա ու հասկացա, որ ուզում եմ արևածաղիկներ գրկել: Ու մեկ էլ էդպիսի պատվեր ստացա: Կտորեղենի խանութներն ամեն օր ոտքի տակ էի տալիս, բայց չէի կարողանում գտնել ուզածս կտորը: Որոշեցի ինքս նկարել: Դե ես էլ շատ անտաղանդ նկարիչ եմ: Երկու գիշեր տառապում էի դրա վրա, ու զարմացա, որ լավ էր ստացվել: Ստացվելուց հետո էլ էնքան էի կապվել, որ չէի ուզում վաճառել: Ընկերուհուս պատմեցի ու ինքն էլ ասաց, որ սերը բաժանելուց է ավելանում: Դրանից հետո էլ կասկած չունեի, որ պիտի վաճառեմ:
Ի՞նչն է Հռիփսիմեին ոգեշնչում:
Ամեն ինչը: Նույնիսկ կենցաղային սպասքի խանութները:
Էստեղ սկսեցինք ծիծաղել՝ ես, քանի որ մտածում էի, թե կատակ է անում, Հռիփսիմեն՝ երևի նրա համար, որ ես կարծում էի թե կատակ էր անում:
Հա, լուրջ, - հաստատեց:
Մի անգամ աղաման տեսա ու մտքվս անցավ, որ գեղեցիկ մոմակալ կստացվի: Ամանորին նոր մոմակալ դրեցինք սեղանին:
Իսկ գրքերից ոգեշնչվո՞ւմ եք:
Գրքերից վախենում եմ:
Սրան հետևեցին տարօրինակ հայացքներս ու հետո հարցս, թե ինչո՞ւ:
Յուրաքանչյուր բառ, որ գրում, կամ ասում ենք, գնում է տիեզերք, չեմ ուզում այդ բառերը բացվեն ու ապրվեն տիեզերքում:
Իրեր պատրաստելիս երաժշտություն լսո՞ւմ եք: Եթե այո, ապա ի՞նչ երաժշտություն:
Անպայման լսում եմ: Նոթատետրեր պատրաստելիս, չգիտեմ ինչու The Beatles եմ լսում կամ System of a Down: Լսում եմ նաև Ջոն Լենըն: Բայց դե միայն սրանք չեն: Ամեն ինչ էլ լսում եմ:
Ձեռագործ իրեր պատրաստող մարդկանց ի՞նչ ունեք ասելու:
Մի օրինակով փորձեմ ասելիքս հասցնել: Մի որոշ ժամանակ չէի զբաղվում ձեռագործ խաղաղությամբ, հետո երբ ուզեցի նորից սկսել, չէի կարողանում: Ընկերուհուս ասացի. «Գիտես, մի քանի ամիս դարակում էի փակել: Էսօր բացեցի, ոնց որ նեղացած էր ինձանից »:Ասաց. «Դե եթե ինձ էլ էդքան ժամանակ դարակում փակեին, ես էլ կնեղանայի»: Ուզում եմ ասել, շարունակեք զբաղվել դրանով, նույնիսկ, եթե հիմա դժվար է: Դուք տաղանդավոր մարդիկ եք:
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top