#JinjjaTalk. Կորեացի վավերագրողը՝ Հայաստանում. Ուզում եմ շատ մարդկանց հանդիպել
Ողջո՜ւյն: Անասելի ուրախ ենք այս կարճ դադարից հետո վերսկսել մեր #JinjjaTalk շարքի զրույցները: Այս անգամ զրուցակիցս Հվ.Կորեայից Հայաստան ժամանած ճամփորդ, վավերագրող Յուն Գվան Մինն է:
Ինչպես Յունն է ասում, ինքը սովորական կորեացի աջոշի է (Յուն Գվանի խնդրանքով տարիքը չեմ նշում, փորձեք գուշակել, հահա ^^), որն այժմ ճամփորդում է և վավերագրական ֆիլմ նկարահանում: Նրա ցուցակում էր նաև Հայաստանը, և ահա նա այստեղ է:
Նախքան ճամփորդությունը սկսելը՝ Յուն Գվանը մտածում էր, որ միայն անգլերեն է խոսելու, բայց փաստորեն թերագնահատել էր արտասահմանում բնակվող կորեասերների ունակությունները: Յուն Գվանը հիացմունքով ու զարմանքով է նշում, որ անգամ Կորեայից դուրս շատ օտարերկրացիներ իր հետ կորեերեն են խոսում:
<<Եթե այսպես շարունակվի, անգլերեն խոսելը կմոռանամ>>,-կատակում է Յուն Գվանը:
Այժմ առաջարկում եմ մեր զրույցի միջոցով ավելի լավ ծանոթանալ կորեացի աջոշիի հետ:
Միշտ ցանկացել եմ անել մի բան, որ կորեացիները չեն անում․․․
- Ժամանակին մարզիկ էի, սքվոշ էի խաղում, բայց վնասվածք ստացա և ստիպված էի որևէ ուրիշ բանով զբաղվել: Ուզում էի այնպիսի բան գտնել, որ կորեացիները սովորաբար չեն անում: Հասկացա, որ կորեացիների մեծ մասը, նույնիսկ նրանք, որոնք SKY-ում են սովորել (Կորեայի լավագույն երեք համալսարանները, Seoul University/Սեուլի համալսարան, Korea University/ Կորեայի համալսարան, Yonsei University/ Յոնսեի համալսարան) անգլերեն այդքան էլ լավ չեն խոսում: Սկսեցի անգլերեն սովորել և հաջողեցի:
Հնարավորություն ունեցա աշխատել մասնավոր դպրոցում որպես մենեջեր: Բոլոր ուսուցիչներն օտարերկրացիներ էին՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և բնականաբար այդ միջավայրում աշխատելիս անգլերենս չէր կարող չբարելավվել:
Այնտեղ աշխատելու տարիներին մտածում էի ճամփորդելու մասին, բայց նաև ցանկանում էի այդ ընթացքում աշխատել: Հենց այդպես էլ ծնվեց աշխարհով մեկ ճամփորդելու և միաժամանակ վավերագրական ֆիլմեր նկարելու գաղափարը: Ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք ես յութուբեր եմ:
Չեմ ասում, որ դա վատ բան է, բայց յութուբերները ճամփորդելիս հիմնականում ցույց են տալիս գեղեցիկ վայրեր, համեղ ուտեստներ, սակայն տեղացիների հետ ժամանակ չեն անցկացնում, իսկ ես ուզում եմ կենտրոնանալ այլ երկրներում ապրող մարդկանց վրա:
Իմ վավերագրականների շեշտադրումը հիմնականում հումանիզմի վրա է:
Ճամփորդությունս սկսեցի, երբ համաճարակի մասին դեռ պատկերացում չունեինք․․․
2019թ.-ի վերջին թողեցի մասնավոր դպրոցում իմ աշխատանքն ու դեկտեմբերին մեկնեցի Հարավային Աֆրիկա: Այնտեղ մնացի մոտ 3 ամիս: Այնտեղ բնակվող ընկերս ճամփորդական գործակալություն ունի և առաջարկեց ինձ միանալ իրենց թիմին:
Չնայած ես ոչինչ չգիտեի Աֆրիկայի մասին, բայց համաձայնեցի աշխատել իրենց հետ: Հարավային Կորեայից ճամփորդներին բերում էի Աֆրիկա, իսկ հետո կրկին տանում Կորեա: Աֆրիկայում մնալուս ընթացքն ինձ համար կարևոր փորձ էր: Մոնտաժ էի անում, և առհասարակ անում այն ամենը, ինչ ուզում էի:
Մտածում էի՝ Հակունա մատատան հրաշալի մտածելակերպ է, բայց Աֆրիկայում ապրելու ընթացքում ամեն ինչ փոխվեց․․․
Իրականում ես այդքան էլ բարի մարդ չեմ, բայց նախքան Աֆրիկա գնալն ուզում էի ինչ-որ բան անել աղքատ ու թույլ մարդկանց համար, բայց այնտեղ գնալուց հետո շատ բան փոխվեց: Նախկինում, երբ լսում էի հակունա մատատան (ապրել առանց հոգսի), մտածում էի, որ հրաշալի մտածելակերպ է: Երբ իրական կյանքում տեսա այդ մտածելակերպի կիրառումը, ուղղակի հասկացա, որ այնտեղ բնկավող մարդիկ որևէ բան չեն փորձում և իրենց հույսը դնում են Աստծո վրա:
Չեմ ուզում մեղադրել նրանց, պարզապես ես այնքան տիպիկ կորեացի եմ:
Պատկերացնենք, որ ինչ-որ մի տեղ լույսերն անջատվում են: Կորեացիներն ամեն ինչ կանեն, որ հնարավորինս արագ խնդիրը լուծեն, իսկ Աֆրիկայում մարդիկ ուղղակի ասում են հակունա մատատա և վերջ: Այսինքն անգամ 10 տոկոսով չեն փորձում լուծում գտնել:
Աֆրիկայի ճամփորդությունից հետո ինձ մոտ ցանկություն առաջացավ հետագայում մեկնել Ռուանդա և կրթել մարդկանց: Վստահ չեմ կարող ասել, որ կգնամ, բայց դա մի բան է, որ իսկապես կցանկանամ անել:
Ցանկանում եմ հնարավորինս շատ մարդկանց հանդիպել, շատ պատմություններ լսել...
Համաճարակի պատճառով ճամփորդությունս ընդհատվեց, և այն վերսկսեցի արդեն այս տարի: Առաջին ուղղությունս Հունաստանն էր, այնուհետև Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան, Վրաստանը և հիմա արդեն Հայաստանը:
Ճամփորդելուս ընթացքում անգամ հասցրի քովիդով վարակվել ու ապաքինվել: Ի դեպ, չեմ հասկանում, թե ինչպես է ստացվում, որ ուրիշները ճամփորդելիս նիհարում են, իսկ ես հակառակը՝ գիրանում եմ: Երևի ճամփորդությանս ընթացքում շատ եմ հյուրասեր մարդկանց հանդիպել:
Իրականում ճամփորդողի կյանքն այդքան էլ հեշտ չէ: Երբ մարդիկ տեսնում են ուսապարկերս (3-4 ուսապարկ), զարմանում են, թե ինչպես եմ կարողանում դրանք միաժամանակ կրել: Իմ ողջ իրերը միասին մոտ 50կգ են կշռում: Խենթանալու բան է չէ՞:
Թվում է՝ մեկ կնոջ գրկած եմ ճամփորդում: Իհարկե մի տեղից մյուսն այդպես ճամփորդելը երբեն դժվար է, բայց քանի որ կենտրոնանում եմ հյումանիզմի վրա, ուզում եմ հնարավորինս շատ մարդկանց հանդիպել:
Կորեացիները մեր երկիրն անվանում են <<Չոսոնի դժոխք>>, և ուզում եմ ցույց տալ, որ աշխարհում ոչ մի տեղ դրախտ չկա․․․
Շատ կորեացիներ, հատկապես երիտասարդներ, Հվ. Կորեան անվանում են <<Չոսոնի դժոխք>>, քանի որ այնտեղ ապրելիս դժվար ժամանակներ են ունենում: Համաձայն եմ, որ Կորեան կարող է ապրելու համար դժվար երկիր լինել, բայց ամեն դեպքում այնպես չէ, որ աշխարհում որևէ տեղ <<դրախտ>> կա:
Հենց դա էլ ճամփորդելու և վավերագրական ֆիլմեր նկարելու իմ նպատակն է:
Ցանկանում եմ կորեացիներին ցույց տալ, որ այլ երկրներում էլ իրավիճակը նույնն է, կամ գուցե որոշ երկրներում ավելի վատ, հետևաբար պետք չէ բողոքել:
Եթե բողոքելու ժամանակ ունեն, ապա թող ավելի շատ սովորեն ու աշխատեն: Ամեն դեպքում Կորեան շարունակում է մնալ այն երկիրը, որտեղ դու կարող ես լինել այն մեկը, ով ուզում ես լինել և կարող ես անել քո լավագույնը:
Երբեք չէի մտածի, որ օտարերկրացիներն այդպես հոգ կտանեն կորեացիների մասին...
Հայաստանում մարդիկ իսկապես լավն ու բարեկիրթ են: Հաճախ, երբ ինձ տեսնում են, հարցնում են՝ արյոք Կորեայից եմ և ճանաչում եմ BTS-ին, բայց ինձ նման աջոշին հայտնիների մասին չի մտածում:
Կարող եմ ասել, որ սիրեցի Հայաստանը: Երբ այստեղ էի այցելում, ինչ-որ ակնկալիքներ չունեի, բայց այստեղ հանդիպեցի իսկապես լավ մարդկանց:
Եվ իհարկե զրույցի վերջում ես կորեացի աջոշիին տվեցի շատերիս թերևս ամենից շատ հետաքրքրող հարցը՝ արդյո՞ք իրական կյանքում <<դորամաների տղաներ>> կան Կորեայում, թե՞ ոչ:
<<Ճիշտ է, որ կան շատ գեղեցիկ տղաներ ու աղջիկներ, բայց ոչ այն մարդկանց նման, որոնց հեռուստացույցով ենք տեսնում>>,-ասաց Յուն Գվան Մինը՝ ավելացնելով, որ Կորեայում միմյանց միջև մրցակցությունը շատ մեծ է, և երևի դա է նաև մեծ տարիքում երիտասարդ երևալու իրենց գաղտնիքը:
Կորեայի ու կորեական մշակույթի մասին նոր զրույցներ ու նորություններ կարդալու համար միացեք JinjjaNews Facebook-յան ու JinjjaNewsAM Instagram-յան էջին։
Հարցազրույցը վարեց՝ #Mochi | Հասմիկ Կոշկարյան
Խմբագիր՝ #kkaebsong | Մելանի Սարգսյան
08 | 23 | 2022
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top