#JinjjaTalk. Ինչպե՞ս հասնել ՀՎ.Կորեա. ինչպիսի՞ն են կորեացի տղաները և ավելին
Մեզանից շատերն են երազում Հարավային Կորեա գնալու, Սեուլի փողոցներով քայլելու, կորեական համեղ ուտեստները հենց տեղում փորձելու, և մի կորեացի օպպայի հետ գոնե մեկ դեյթ ունենալու մասին: Որոշ կորեասերների համար այս երազանքն արդեն կատարվել է, և նրանք այժմ ապրում են Հարավայային Կորեայում:
JinjjaNews-ն իր JinjjaTalk շարքի շրջանակներում զրուցել է այդ հաջողակներից մեկի՝ Կորեայի Գվանջու քաղաքում ապրող Սյուզաննա Ղահրամանյանի հետ, և այսօր կներկայացնենք երազանքին հասնելու նրա ճանապարհը:
Սյուզին ծնվել է Հայաստանում, բայց 3 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Այժմ նա սովորում է Կորեայի Չոննամի համալսարանում՝ կենսաբանության ֆակուլտետում, սակայն ավարտելուց հետո ցանկանում է աշխատել նորաձևության ոլորտում:
Առանց ավելորդ սպասեցնելու, միանգամից սկսենք մեր զրույցը նրա հետ։
-Ողջույն Սյուզի, ինչպե՞ս է անցնում ամառդ։ Հասցրե՞լ ես հանգստանալ:
- Ողջո՜ւյն։ Կորեային մոտ գտնվող որևէ երկիր ճամփորդելու ծրագրեր ունեինք, բայց կորոնավիրուսի պատճառով չկարողացանք դուրս գալ երկրից: Գնացինք Չեջու կղզի և մեզ մոտ գտնվող այլ քաղաքներ: Ամեն դեպքում հասցրինք մի շարք տեսարժան վայրեր տեսնել:
- Կպատմե՞ս քո մասին։ Ինչպե՞ս հայտնվեցիր Չոննամի համալսարանում:
-Կորեայի նկատմամբ սերս 2012-ին է առաջացել, երբ հետաքրքրված էի դորամաներով ու քեյ փոփով: Երազանքս էր գալ Կորեա և սովորել այստեղ: Իհարկե ցանկանում էի անվճար սովորել և ամեն ինչ ուզում էի ինքնուրույն անել:
Դիմեցի KGSP կրթաթոշակային ծրագրին: Այդ ժամանակ դիմորդներն այնքան շատ չէին, որքան հիմա: Բնականաբար Կորեայի նկատմամբ հետաքրքրության աճն այստեղ սովորել ցանկացողների թիվն էլ մեծացրեց: Այդպես պատրաստեցի փաստաթղթերս և ամբողջն ուղարկեցի Չոննամի համալսարան:
Հարցազրույցի փուլի ժամանակ հասկացա՝ իրենց դուր է եկել, որ և՛ անգլերեն գիտեմ, և՛ կորեերեն: Հարցազրույցից մեկ ամիս անց արդեն ձեռքումս էր երկար սպասված նամակը: Ամբողջական կրթաթոշակ ստացա և ընդունվեցի համալսարան: Հրաշքի էր նման, չէի կարողանում հավատալ:
- Կորեայում ամենաառաջին օրդ հիշո՞ւմ ես։ Մեզ համար էլ կնկարագրե՞ս: Ի՞նչ զգացողություններ ունեիր:
- Կորեայում գտնվելուս առաջին օրն այնքան շատ զգացողություններ ունեի: Լուսանկարում էի այն ամենը, ինչ տեսնում էի: Նույնիսկ այստեղից գնածս առաջին ջուրն եմ լուսանկարել և ուղարկել մայրիկիս՝ հպարտանալով, որ ձեռքիս կորեական ջուր է:
Ինձ համար մեծ շոկ էր, որ գտնվում եմ երազանքներիս երկրում: Հիշում եմ՝ այդ օրն անձրևում էր, բայց անգամ դա չէր խանգարում հիանալ Կորեայով: Այնքան երջանիկ էի, որ նույնիսկ անձրևային Կորեան ինձ շատ գեղեցիկ էր թվում:
-Սպասելիքներ vs իրականություն։ Որո՞նք էին առաջին հիասթափություններդ Կորեայից, եթե իհարկե եղել են:
-Անկեղծ ասած սկզբում շատ էի հիասթափվել այստեղի տղաներից: Դորամաներում այնպես են ներկայացնում, որ տղաներն այստեղ շատ բարի են, հոգատար, աղջիկների համար ամեն ինչի պատրաստ են, և կարևորը՝ նրանք բոլորը պատրաստ են լուրջ հարաբերությունների:
Դորամաներում տեսնում ենք տղաների, որոնք ավելի քնքուշ, մեղմ հարաբերությունների են ձգտում, բայց ցավոք սրտի այստեղ այդպես չէ: Տղաները շատ կտրուկ են և հաճախ մտածում են երևույթների մասին, որոնց մենք սովոր չենք: Ես չէի հասկանում՝ ինչպես նրանք կարող են առաջին օրն աղջկանից ինչ-որ բան սպասել:
Հաջորդ հիասթափությունն էլ այն է, որ ոչ բոլոր կորեացիներն են ցանկանում օտարերկրացիների հետ շփվել, ընկերանալ: Խոսքը վերաբերում է հատկապես աղջիկներին: Ինքս մինչև հիմա իսկական կորեացի աղջիկ ընկերուհի չունեմ, հիմնականում բոլորն արտասահմանցի են: Այստեղ ընկերության մեջ նախանձ կա: Դորամաներում նույնպես բոլորովին այլ կերպ էր այս ամենը ներկայացվում: Մնացած այլ հարցերում չեմ կարող ասել, որ հիասթափվել եմ, որովհետև այստեղ և՛ բնությունն է շատ գեղեցիկ, և՛ շենքերը: Կորեան շատ գեղեցիկ երկիր է:
-Արդեն 5 տարի է, ինչ Կորեայում ես ապրում, առօրյա կյանքում ի՞նչ սովորություններ ունեն կորեացիները, որոնք քեզ համար տարօրինակ կամ նոր էին և դժվար ադապտացվեցիր։
- Ամենասկզբում ինձ համար տարօրինակ էր, որ նույն սեղանի շուրջ գտնվող մարդիկ մեկ ափսեից են ուտում: Իրենց գդալները մտցնում են ափսեով դրված ուտեստի մեջ, որից հետո նաև ես պետք է օգտվեմ: Տարօրինակ էր դա, քանի որ մենք սովոր ենք սեղանին ունենալ ուտելիքով լի մեր ափսեն, որից միայն մենք ենք օգտվում: Սկզբում տհաճ էր, բայց ժամանակի ընթացքում այդ զգացողությունն անցավ և հիմա արդեն հարմարվել եմ:
Նրանց սովորություններից որոշներն էլ արդեն իմ մի մասն են դարձել: Օրինակ երբ որևէ մեկին բարևում են, խոնարհվում են կամ երբ ինչ-որ մեկին որևէ բան են փոխանցում, դա երկու ձեռքով են անում, ինչը հարգանքի նշան է: Հիմա երբ արձակուրդներին Հայաստան կամ Ռուսաստան եմ մեկնում, ամբողջ ընթացքում մարդկանց խոնարհվելով եմ բարևում և երկու ձեռքով ինչ-որ բան փոխանցում, ինչի պատճառով էլ մարդկանց տարօրինակ հայացքներին եմ արժանանում:
-Սիրելի քեյ փոփ խմբեր ունե՞ս: Բախտ վիճակվե՞լ է երբևէ ներկա լինել նրանց համերգներին:
-Սիրելի քեյ փոփ խմբերի մասին կարող եմ հավերժ խոսել: Շատ եմ սիրում BIGBANG խմբին: Հիմա հնարավոր է՝ այդքան էլ շատ մարդիկ չիմանան նրանց մասին, բայց ինձ համար նրանք քեյ փոփ արքաներ են: Եղել եմ նրանց համերգին և դրա համար շատ մեծ գումար վճարել: Այդ ժամանակ տոմսերը մի քանի րոպեում սպառվում էին, և կային մարդիկ, որոնք էժան գնում ու թանկ վաճառում էին մյուսներին: Ստիպված հենց այդ մարդկանցից գնեցի տոմսս, բայց տեղը շատ լավն էր, տղաները հենց մեր դիմացի էին կանգնած:
(G-Dragon | Սյուզին՝ Big Bang-ի համերգին)
Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ ընկերուհիս սկսեց բացականչել «Ջիոն-ա՜, Ջիոն-ա՜» (G Dragon-ին), և նա նայեց մեզ ու ժպտաց: Տպավորություն էր՝ հեռուստացույցից է դուրս եկել մեր դիմաց: Երազի էր նման, ուղղակի հրաշալի զգացողություն էր:
Սիրում եմ նաև BLACKPINK-ին: Նրանց համերգին նույնպես եղել եմ, հենց առաջին շարքում: Համերգի վերջում աղջիկները խնդրեցին կանգնել և քանի որ առաջին շարքում հիմնականում օտարերկրացիներ էին ու իդեալական կորեերեն չգիտեինք, չհասկացանք՝ ինչ են ասում: Բոլորը կանգնեցին, բացի մեզանից և այդպես աղջիկները մի քանի անգամ ձեռքի շարժումներով ցույց տվեցին, որ կանգնենք:
(Ջենին և Ռոսէն | Սյուզին՝ BlackPink-ի համերգին)
-Խոսենք կորեացի բոյֆրենդիդ մասին։ Ինչպե՞ս ծանոթացար նրա հետ:
-ՋիԹեն՝ ընկերս, առաջին անգամ ինձ ինտսագրամով էր գրել: Կորեերեն էր գրել և մտածել, որ եթե անգլերեն պատասխանեմ, էլ չի գրի, բայց ես պատասխանեցի կորեերեն: Այդպես սկսեցինք շփվել և քանի որ նույն քաղաքում ենք ապրում, մի քանի օր հետո հանդիպեցինք ու այդտեղից սկսվեց ամեն ինչ:
-Սեփական փորձից ելնելով ի՞նչ կարող ես ասել, իրական կյանքում և՞ս տղամարդիկ նման են դորամաների հերոսներին:
-Տղաների մեծամասնությունը տարբերվում է դորամաներից մեզ հայտնի տղաներից: Նախքան Կորեա գալը՝ դա պետք է շատ լավ գիտակցենք, որ հետո չհիասթափվենք: Չգիտեմ ինչպես, բայց բախտս բերեց և ՋիԹեն նման է դորամաների տղաներին: Նա շատ հոգատար է, սիրալիր, միշտ մտածում է իմ մասին, օգնում ինձ: Եթե անկեղծ խոսենք, կարծում եմ՝ հայի բնավորություն ունի: Նրա մեջ հայրիկիս բնավորության գծերից եմ տեսնում: Օրինակ հագնվելու հարցում, նրան դուր են գալիս փակ զգեստներ, ծնկներից ներքև շրջազգեստներ:
-Կորեական ռոմանտիկ դեյթեր ունեցե՞լ եք:
-Չէի ասի, որ այստեղի դեյթերը շատ են տարբերվում Ռուսաստանի կամ Հայաստանի դեյթերից: Պարզապես ինչ-որ տեղ հանդիպում ենք, միասին ընթրում: Այստեղ հիմնական տարբերությունն այն է, որ տղաները վճարում են ուտելու համար, իսկ ժամանցի մյուս տեսակների՝ սրճարան կամ կինոթատրոն գնալու համար վճարում է աղջիկը: Ինձ համար դա շոկ էր, քանի որ Հայաստանում և Ռուսաստանում այդպես չէ: Մենք սովոր ենք, երբ տղաներն են վճարում, բայց հիմա արդեն մտածում եմ, որ իրականում ճիշտ է, երբ երկուսն էլ վճարում են: Իսկ ՋիԹեն անգամ այս դեպքում է հայի նման մտածում: Սկզբում միայն նա էր ամեն ինչի համար վճարում:
-Ինչպե՞ս է քեզ ընդունել բոյֆրենդիդ ընտանիքը: Առհասարակ ինչպե՞ս են Կորեայում նայում նմանատիպ (international) հարաբերություններին:
-Որքան հասկացել եմ ՋիԹեի մայրն ի սկզբանե այդքան էլ չէր ուզում, որ իրենց ընտանիքում արտասահմանցի լինի: Ընկերս նրան կամաց-կամաց պատրաստում էր ինձ հետ հանդիպանը, պատմում իմ մասին:
Երբ հանդիպեցինք, զգում էի, որ առանձնապես ինձ չի ընդունում, դրա համար սկսեցի գրել նրան և անընդհատ խոսել նրա հետ:
Փորձում էի անուղղակի կերպով, գործողություններիս միջոցով հասկացնել նրան, որ Կորեա եմ եկել ոչ թե ամուսին գտնելու, այլ սովորելու համար: Կառուցել եմ իմ կյանքն այստեղ, և նրա տղան դրա մի մասն է: Այդպես հիմա մենք նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Միշտ զանգում է և հետաքրքրվում՝ ինչպես եմ:
Կարծում եմ՝ դեռ կան ընտանիքներ, որոնք չեն ցանկանում օտարերկրացի հարս ունենալ, բայց որքան տարիքով երիտասարդ են լինում ծնողները, այնքան ավելի բաց են լինում փոփոխությունների համար:
-Կորեացիների համար դժվար չէ՞ արտասանել հայկական անունները կամ հայերեն բառերը:
-Անվանս հետ խնդիր չկա, քանի դեռ չեմ ասում ազգանունս՝ Ղահրամանյան: Իսկապես չեն կարողանում արտասանել ազգանունս, ՋիԹեից մոտ մեկ շաբաթ պահանջվեց, որ կարողանա ասել այն: Ամբողջական անունս էլ ոչ մեկի չեմ ասել, քանի որ կդժվարանան արտասանել: Ինձ այստեղ Սուջի են ասում:
-Մշակույթների ու մտածելակերպի տարբերությունը խնդիրներ չի՞ ստեղծում հարաբերություններում։
-Մեզ մոտ կային թյուրըմբռնումներ, որոնք մտածելակերպի տարբերություններից էին առաջանում: ՋիԹեն շատ ժամանակ ասում էր՝ կորեացիներն այսպես են անում, իսկ ես ասում էի՝ մեզ մոտ այսպես են անում, և չէինք կարողանում հասկանալ՝ որն է ճիշտ:
Արդյունքում երկուսս էլ պետք է շատ հարցերում զիջումների գնայինք: Օրինակ ինձ համար տարօրինակ էր, երբ նա խնդրում էր, որ միշտ գրեմ՝ որտեղ եմ, ինչ եմ անում և պատմեմ ամեն ինչ, բայց հասկացա, որ նրա հանգստության համար պետք է անեմ դա:
Նույնը ուտելիքի հարցում է: Այն ուտեստները, որ նրան է դուր գալիս, ինձ դուր չի գալիս և հակառակը: Ռուսական և հայկական ուտեստները, որոնք փորձել է, չի հավանել: Ես էլ սկզբում կորեական ուտեստներն այդքան շատ չէի սիրում:
- Պատրաստվու՞մ ես ընկերոջդ հետ Հայաստան այցելել:
- ՋիԹեի հետ պլանավորում ենք Հայաստան գալ երևի այն ժամանակ, երբ կորոնավիրուսով պայմանավորված վիճակը կմեղմվի: Ուզում եմ նրան ցույց տալ Հայաստանի գեղեցկությունը: Ինձ թվում է՝ այն, ինչ ես տեսել եմ Հայաստանում, նրան նույնպես կհետաքրքրի: Շատ պատմական վայրեր, եկեղեցիներ ունենք, որոնք ուզում եմ նրան ցույց տալ:
-Կորեայի մյուս քաղաքներում եղե՞լ ես։ Եթե այո, մի փոքր կպատմե՞ս քո կարծիքով լավագույնների մասին։
-Կորեայում շատ քաղաքներում եմ եղել և՛ մեծ, և՛ փոքր, բայց նախընտրում եմ ճամփորդել փոքր, ոչ այնքան հայտնի քաղաքներում, որովհետև այնտեղ կա իրական Կորեային հատուկ կոլորիտ: Ինձ դա շատ է դուր գալիս:
Վերջերս գնացինք Գիմջե քաղաք, ինձ հիշեցրեց պատմական դորամաները: Նայում և հասկանում ես, որ դա է իսկական Կորեան, այդ գյուղական միջավայրը, հին տները: Խորհուրդ եմ տալիս նաև այցելել Բոսոն, որը կանաչ թեյի քաղաքն է: Կանաչ թեյի դաշտերը շատ գեղեցիկ են: Կարևոր է ճիշտ ժամանակին գնալ, երբ ո՛չ ձյուն կա, ո՛չ անձրև, և եղանակը պայծառ է:
(Սյուզին ու ՋիԹեն Բոսոնում)
-Աշխատում ես մանկապարտեզում: Մի փոքր կպատմե՞ս աշխատանքիդ և կորեացի երեխաների մասին:
-Մանկապարտեզում երեխաներին անգլերեն եմ ուսուցանում: Կորեացի երեխաները շատ լավն են, շատ գեղեցիկ: Ամենաշատը նրանց մտավոր ունակություններն են զարմացնում: Միանգամից՝ րոպեների ընթացքում կարողանում են մտապահել այն, ինչ ասում եմ: Շատ արագ ընկալում են ինֆորմացիան, սովորում և հաջորդ օրն արդեն իդելական գիտեն ամեն ինչ:
Ամեն անգամ, երբ նայում եմ այդ երեխաներին, հասկանում եմ՝ ինչու է Կորեան այդքան զարգացած երկիր և ինչու է տեխնոլոգիաների ոլորտում առաջատարներից: Երեխաներն այստեղ հասցնում են սովորել ամեն ինչ՝ իդեալական մակարդակի վրա:
-Կորեայում իսկապե՞ս կյանքի ռիթմն այնքան արագ է, որ սթրեսն ու դեպրեսիան անխուսափելի են: Եվ ինչպես ես այդ արագ ռիթմին հասցնում:
-Ինձ համար այստեղ դժվար էր հատկապես ամենասկզբում, քանի որ համալսարանում սովորելիս պետք է կորեացիներից հետ չմնալ, որ գնահատականները ցածր չլինեն: Դրա համար փորձում էի նրանցից առաջ անցնել և երկու անգամ ավել սովորել:
Օրինակ՝ մինչ նրանք առաջին պարագրաֆն էին սովորում, ես սկսում էի երկրորդը սովորել, որ հասցնեմ նրանց տեմպին, բայց դա դժվար է: Կորեացիներն արդեն սովոր են այս տեմպին: Հիմա արդեն տեսնում եմ, որ մանկուց երեխաներին պատրաստում են կյանքի այս տեմպին: Ամեն դեպքում կորեացիներն օտարերկրացիներին որպես իրենց թշնամի կամ մրցակից չեն ընկալում: Դասախոսներն էլ փորձում են օգնել:
-Կորեական խոհանոցը շատ բազմազան ու համեղ է, քո ամենասիրելի կերակրատեսակը ո՞րն է:
-Իմ սիրելի ուտեստը տտոկգուկն է, որը սուպ է rice cake-ից պատրաստված: Այն շատ համեղ է: ՋիԹեի հետ մեր 5-րդ դեյթի ժամանակ խնդրեցի, որ պատրաստի ինձ համար: Ասացի՝ եթե փորձեմ այն ու համեղ լինի, վերջ, կամուսնանամ քեզ հետ: Իրոք շատ համեղ էր ստացվել: Իսկ եթե լուրջ, բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել տտոկգուկ:
-Կորեայում բնակվելու ամենալավ կողմերը քեզ համար:
-Ամենալավ կողմն անվտանգությունն է: Շատ ուրախ եմ, որ ցանկացած ժամի կարող եմ հանգիստ տանից դուրս գալ, քանի որ գիտեմ՝ որևէ տեղ վտանգ չի սպառնում ինձ:
-Ինչի՞ պետք է պատրաստ լինի մեր ընթերցողը, որը պատրաստվում է տեղափոխվել Կորեա։
-Նախքան այստեղ գալը խորհուրդ կտամ սովորել անգլերեն կամ կորեերեն, քանի որ առանց այդ լեզուների շփումն այստեղ շատ դժվար կլինի: Բացի այդ պետք է պատրաստ լինել ապրել նրանց կանոններով:
Օրինակ՝ աշխատավայրում հանգստյան օրերը քիչ են։ Անընդհատ աշխատում են և տարվա մեջ միայն 2-3 անգամ կարողանում հանգստանալ, այն էլ 2-3 օրով: Այսինքն մեծ արձակուրդներ, որոնք մի քանի շաբաթով կամ ամսով կլինեն, այստեղ չկա: Այնպես որ եթե ցանկանում եք հանգստանալ, վայելել կյանքն ու հանգիստ ժամանակ անցկացնել, արեք դա մինչև այստեղ գալը:
-Քո կարծիքով հե՞շտ կլինի հայուհու համար տեղափոխվել Կորեա: Տեղափոխվելու համար ի՞նչ տարբերակներ կան, որոնք խորհուրդ կտաս փորձել:
-Հիմա Կորեա գալը բարդացել է, քանի որ այստեղ շատ միգրանտներ կան և բացի այդ Կորեայի բնակչությունն էլ է շատ:
Փոքր երկրում բոլորին տեղավորելը շատ դժվար է: Հիմնականում շատերը ցանկանում են Սեուլում ապրել, դրա համար Սեուլը շատ թանկ քաղաք է: Խորհուրդ կտամ չկենտրոնանալ հենց Սեուլի վրա և օրինակ ընտրել Սեուլին մոտ այլ քաղաք:
Լավագույն տարբերակներիս այստեղ սովորելն ու կորեական դիպլոմ ստանալն է: Կարևոր է մասնագիտության ընտրության հարցը, որովհետև այստեղ աշխատելու համար պետք է 100 տոկոսանոց համապատասխանություն լինի ձեր ուսման և աշխատանքի հետ:
Օտերարկրացի աղջիկների համար ամենամեծ խորհուրդը դա պարզապես այստեղ ամուսնանալն է, քանի որ դա վիզա ստանալու ամենահեշտ ձևն է:
Շնորհակալություն ենք հայտնում Սյուզիին՝ մեր հարցերին լիրաժեք պատասխաններ տալու համար։ Հիշեցնեմ, որ կարող եք հետևել նրան Instagram-ում [ jeonsuzanna ] ու YouTube-ում [ SuzyTaeCouple ]՝ էսթետիկ ու նոր կոնտենտի համար։
Դե, իսկ JinjjaNews-ը կշարունակի իր JinjjaTalk շարքն՝ ապագայում ձեզ ներկայացնելով նոր հարցազրույցներ ու մի շարք նոր նախագծեր։ Մի՜նչ հաջորդ հանդիպում։
Կորեայի ու կորեական մշակույթի մասին նոր զրույցներ ու նորություններ կարդալու համար միացեք JinjjaNews Facebook-յան ու JinjjaNewsAM Instagram-յան էջին։
Հարցազրույցը վարեց՝ #Mochi | Հասմիկ Կոշկարյան
Խմբագիր՝ #kkaebsong | Մելանի Սարգսյան
08 | 29 | 2021
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top